Search This Blog

Friday, April 22, 2011

Սուրբ Զատիկի Խորհուրդը

   Հայոց բոլոր գավառներում Զատիկ, Կարմիր Զատիկ  անվամբ հայտնի տոնը համապատասխանում է եկեղեցական Սուրբ Հարություն տոնին:  Շարժական տոն է  և ամեն տարի նշվում է գարնանային լիալուսնին հաջորդող կիրակի օրը: Քրիստոսի տառապանքների, մահվան ու հարության  հետ կապված այս տոնը  շատ ավելի խոր արմատներ ունի: Այն գալիս է դեռևս հեթանոսական շրջանից և արտացոլում այն ծեսերն ու սովորույթները, որոնք առնչվել են բնության զարթոնքի  գաղափարին: Զատկական արարողությունները  սկսվում էին շաբաթ  և ավարտվում երկուշաբթի օրերին: Շաբաթը  բուն Զատկի տոնին նախապատրաստվելու  օրն էր. կարգի էին բերում տոնական հագուստը, հարդարում բնակարանը, տան դռների շրջանակներին փակցնում էին  զատկական կարմիր ձվի կպեճներ, թխում խմորեղեն: Զատկի կերակուրները եփելիս կամ հավկիթները ներկելիս  կրակի մեջ օգտագործում էին  Տյառնընդառաջից և Ծաղկազարդից մնացած  խանձված ձողերը ու ճյուղերը: Շաբաթ  օրը` մայրամուտին, երդիկից  իջեցնում էին  Մեծ  պասի յոթ  շաբաթները խորհրդանշող  և պասը խախտողներին պատժող  ակլատիզը` իր վերջին փետուրով: Պաս պապ-Ակլատիզի վերջին`յոթերորդ  փետուրը հանելով`  տան երիտասարդները բուն ակլատիզին տանում էին դաշտերը  և փայտի  հարվածներով  դեսուդեն  քշելով` գցում ջուրը: Որպես ակլատիզ ծառայած սոխի ծլած  ծիլը  կտրում էին  և գցում  Զատկին  եփվող  կերակրի մեջ:  Շաբաթ երեկոյան պատարագը սովորականից շուտ էր սկսվում, որպեսզի  պատարագից հետո`  դեռ արևը  մայր չմտած,  մարդիկ հասցնեին պասը բացել:  Պատարագի մասնակիցները շտապում էին տուն` ավետելու  Քրիստոսի  հարությունը և պասի վերջը: Ճանապարհին  բոլոր  հանդիպողները  ողջագուրվում էին  և միմյանց հայտնում ուրախ լուրը.  «Քրիստոս  հարյա՜վ  ի մեռելոց»,  որի պատասխանը լինում էր.  «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:  Թաթախման  ընթրիքի հիմնական  կերակուրներն էին կարմիր ձուն, ձկնեղենը, փլավը, ձվով տապակած բանջարեղենը, թանով սպասը կամ կաթով  եփած կորկոտաճաշը: Իր կարևոր տեղն ու դերն ուներ զատկական մատաղը: Սովորաբար գյուղի բոլոր ընտանքիները մաս ունեին այդ մատաղի մեջ:  Հավաքված գումարով նախապես գնված եզները  կամ ոչխարները շաբաթ երեկո զոհաբերվում էին եկեղեցու բակում և եփվում գիշերը: Եփվող կաթսաների շուրջ երիտասարդները ողջ գիշեր  խաղում էին զատկական ամենասիրված խաղը`ձվախաղը: Զատկի մատաղը «ախառ» էր կոչվում: Ամբողջ գիշեր  օջախի մոտ հավաքված ու ձվախաղով տարված երիտասարդները զանազան երգեր էին երգում, պարում ու ուրախանում: Կիրակի օրը`վաղ  առավոտյան` եկեղեցու զանգերը հնչելուն պես,  բոլորը  շտապում էին եկեղեցի` պատարագի: Հաղորդություն ստանալու  ընթացքում  կատարվում էր զատկական մատաղի արարողությունը: Մատաղացուն մորթում էին եկեղեցու գավթում: Մատաղն առանց խտրականության բաժանվում էր բոլորին հավասարաչափ: Զատկական մատաղի մի տեսակ էր նաև Լոռիում տարածում գտած  թուրքատարուկը: 

   Ձուն  զատկական տոնում գրավում է  ամենակարևոր տեղը, քանի որ  անմիջականորեն առնչվում է տոնի ծիսական գաղափարախոսության հետ:  Ձուն հայոց ավանդական կենցաղում  համարվել է գարնան և պտղաբերության, ինչպես նաև հարության  խորհրդանիշը, քանզի իր մեջ պարունակում էր  վերածննդի գաղափարը: Որպես նոր կյանքի խորհրդանիշ` կապվում է գարնան, բնության զարթոնքի հավատալիքների հետ:  Իսկ ձվախաղի իմաստը հինը տապալելու և   նորին անցնելու գաղափարն ուներ: 
   Այս տարի Զատկի տոնը և Ցեղասպանության զոհերի հիշատակի օրերը համընկել են: Մարդկանց մի մասը անթաքույց դժգոհություն է հայտնում, շատերն էլ հանգիստ են վերաբերվում տոնի և հիշատակի «հանդիպմանը»: Զատկի օրվա ընտրությունը միտումնավոր չի եղել, պարզապես, ըստ տոմարական օրացույցի, այս տարի պատահականորեն տոնի և տխրության օրերը խաչվել են: Երևույթն այս տարի բացառիկ իրողություն է մեր իրականության մեջ, որի հիմքում ընկած է մի հետաքրքիր խորհուրդ: Իրականում այս երկու խորհրդանշական օրերն այնքան էլ տարանջատված չեն, և նրանց հետևում թաքնված է մի ընդհանուր իմաստ: Տարիներ շարունակ անմեղ զոհերի հիշատակի օրը նշում ենք այն հավատքով ու գիտակցությամբ, որ մի օրարդարությունը հաղթելու է` հանուն պատմական արդարության: Եվ այս ճանապարհին շատ կարևոր է Քրիստոսի Հարության խորհուրդը…..

2 comments:

  1. աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա

    ReplyDelete